31/07/2024 12:37
Դատապարտում ենք ալիևյան ռեժիմի՝ հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» հիմնադրամն անդրադարձել է Վատիկանի պաշտոնաթերթում հրապարակված հոդվածին, որում հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն:
«Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթը վերջերս հրատարակեց մի հոդված՝ "A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole" վերնագրով («Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ»), որտեղ հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։ Նյութի հեղինակը Ռոսելլա Ֆաբիանին է, ով հոդվածում խոսում է Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին և նշում, որ այցելել է «Garabagh» /ընդգծումը՝ հոդվածից/, ծանոթացել աղվանական ժառանգության նշանավոր վանքերին։
Հարկ է նշել, որ հոդվածը զուրկ է գիտական հիմքից և հակասում է գիտականության չափանիշներին՝ հիմնված լինելով միայն հեղինակի դիտարկումների և տպավորությունների վրա։ Անգամ հոդվածի վերնագրում հայկական հուշարձանների ադրբեջանականացված անվանումների օգտագործումը ցուցում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության «աղվանացման» թեզի մասին բազմիցս ներկայացվել է «Գեղարդ» հիմնադրամի ակադեմիական հարթակում։ Պետք է նշենք, որ հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման այս մեխանիզմը միջազգային նոր հարթակներ է գրավում, ինչի հիմքում, բնականաբար, Ադրբեջանի հարուստ նավթարդյունաբերությունն ու պետության կողմից հսկայական գումարների ներդրումն է՝ միջազգային կառույցների և կազմակերպությունների գործունեության մեջ։
Ադրբեջանը պատմակեղծարարությունը դարձրել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև միջազգային հարթակներից հնչող տեսություն։ Բաքուն մի կողմից իբրև թե կերտում է իր «բազմամշակութային և ժողովրդավար» կերպարը, մյուս կողմից «միջազգայնացնում» է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմները։Ընդամենն ամիսներ առաջ այսպես կոչված «աղվանական ժառանգության» ֆոտոցուցահանդես կազմակերպվեց Լեհաստանում, որտեղ կրկին Ադրբեջանի դեսպանատունն ուներ իր ակտիվ ներգործությունը։ Այս ամբողջը վտանգավոր հող է պատրաստում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրման, պատմական փաստերի կեղծման և միջազգային հարթակների միջոցով այդ թեզերի տարածման համար։
«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է ալիևյան բռնապետական ռեժիմի՝ հնարավոր բոլոր միջոցներով հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը և կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը»,- ասվում է հայտարարությունում: