31/07/2024 11:49
Հայաստանով և Ադրբեջանով անցնող նոր երթուղու ստեղծմամբ ավելի քիչ կախվածություն կլինի ՌԴ-ից և Չինաստանից. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հանգամանքը։
«Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան դեպի համաշխարհային շուկաներ»,-նշել է Օ՛Բրայենը՝ հավելելով, որ այս ամենի նպատակն այն է, որ պետությունները կարողանան ինքնուրույն որոշել դեպի միջազգային շուկաներ դուրս գալու ուղիները։
Ջեյմս Օ՛Բրայենն անդրադարձել է նաև դիտարկմանը, որ վերջին տարիներին Ադրբեջանն ուժի միջոցով գրավել է Հայաստանի սահմանային որոշ տարածքներ, ինչի հետևանքով ՀՀ-ն այժմ բախվում է անվտանգային սպառնալիքների։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը, ինչի իրականացումը, սակայն, ձախողել է, քանի որ դրանից հետո Ադրբեջանը կարողացել է ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ շրջանների նկատմամբ։
Օ՛Բրայենը նշել է, որ որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանի բնակչությունը փոխել է իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին, որպեսզի վերջինս դուրս բերի իր սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ խաղաղությանն ուղղված ջանքերին՝ կարծիք հայտնելով, որ ինչպես Երևանն, այնպես էլ Բաքուն հիասթափված են իրենց հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ-ի ներգրավվածությունից։