31/07/2024 18:18
ՆԳՆ-ն մինչև 35 տարեկան բարձրագույն կրթությամբ անձանց հրավիրում է դառնալ համայնքային ոստիկան
ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն:
Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:
ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության:
Նոր Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։
Ստորաբաժանմանը վերապահվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:
Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:
Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։
Նոր Համայնքային ոստիկանության ձևավորմամբ կապահովվի համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցությունն ու կամրապնդվի քաղաքացի-համայնքային ոստիկան կապը»։