01/08/2024 22:09
Ամառային ճամբարներն ու երեխաների հոգեբանական պատրաստվածությունը. Հոգեբանի խորհուրդը
Ամառ է, և շատ ծնողներ ցանկանում են կազմակերպել երեխաների լիարժեք հանգիստն ու առօրյան։ Այստեղ ահա, ծնողներին օգնելու են գալիս ամառային ճամբարներն ու երեխաների ժամանցը կազմակերպող մի շարք ծրագրեր։
Առաջին հայացքից պարզ և հաճելի թվացող այս հնարավորությունը լի է տարբեր ռիսկերով, որոնցից առաջնային է հոգեբանական գործոնը՝ արդյոք երեխան պատրա՞ստ է հայտնվել նոր միջավայրում՝ ծնողներից հեռու և մենակ։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց մանկական հոգեբան Անահիտ Համբարձումյանի հետ՝ առանձնացնելով ճամբարների դրական և բացասական ազդեցությունը երեխաների վրա։
«Ճամբարների հիմնական նպատակն է երեխաների համար ապահովել ուրախ ամառային հանգիստ, բարելավել հաղորդակցման հմտությունները։ Կազմակերպվող խաղերը նպատակաուղղված են զարգացնելու տրամաբանությունը, հիշողությունը, կենտրոնացումը, մարզելու մարմինն ու միտքը։
Այս ամենն, իհարկե, դրական է երեխայի համար, սակայն նախևառաջ պետք է պարզել, թե որքանո՞վ է երեխան պատրաստ ընդունելու նոր մարտահրավերն ու համոզվել, որ չենք ունենա հակառակ ազդեցությունը»,- ասաց հեգեբանը:
Մասնագետի խոսքով, առաջին բանը, որ պետք է անի ծնողը, զրուցելն է երեխայի հետ, նրան նախապատրաստելը։
«Ցանկության բացակայության դեպքում ոչ մի պարագայում պետք չէ ստիպել երեխային մասնակցել որևէ ճամբարի։ Նախ պետք է հասկանալ երեխայի տրամադրվածության և հետաքրքրության աստիճանը, իսկ չցանկանալու դեպքում, հարցերի միջոցով գտնել անհանգստության պատճառներն ու օգնել հաղթահարել վախերը»,-ծնողներին խորհուրդ տվեց մասնագետը։
Տարիքային և մի շարք այլ առանձնահատկություններ կարող են երեխաներին տարբերակել իրարից։ Ըստ մասնագետի, ճամբարի ներսում կատարվող յուրաքանչյուր գործողություն նոր փորձառություն է երեխաների համար՝ լինի դրական, թե որոշ առումով բացասական երևույթ։ Այստեղ ահա կարևորվում է հատուկ մասնագետների ուշադրությունն ու անհատական խնամքը՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի։
«Կրթական ժամանակակից նորմերին համապատասխանող ճամբարներում աշխատում են նաև հոգեբաններ, ովքեր պատրաստ են հենց տեղում ծանոթանալ երեխային հուզող խնդրին և լուծել այն։ Այս առումով ևս, ծնողները կարող են հանգիստ լինել և վստահել նրանց աշխատանքին»,-ասաց նա։
Հաջորդ հարցը, որին անդրադարձանք զրույցի ընթացքում, երեխաների և պատանիների միջանձնային հարաբերություններն են, որոնք մեծ ազդեցութուն են ունենում միմյանց աշխարհայացքի և հոգեբանության ձևավորման գործում։
«Այն երեխան, ով իր ընտանիքից, հարազատներից և իրեն արդեն ծանոթ միջավայրից զատ սկսում է ինտեգրվել այլ շրջապատում, սկզբում կունենա որոշակի խնդիրներ, ինչը լրիվ բնական է։ Այս ընթացքում անհրաժեշտ է ճիշտ ուղղորդում և քայլերի հաջորդականություն, որպեսզի վերջինս ընկերանա և սկսի հաղորդակցվել հասակակիցների հետ։ Այստեղ ևս պատասխանատվության մեծ բաժինը ճանբարի աշխատակիցներինն է»,- մանրամասնեց Անահիտ Համբարձումյանը։
Զրույցի վերջում մասնագետը կարևորեց ճամբարների դերն ու նշանակությունը երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման մեջ, և խորհուրդ տվեց ծնողներին՝ թույլ տալ երեխաներին լինել ազատ, ինքնուրույն և ռեալիզացնել իրենց ուժերն ու կարողություններն արդեն նոր միջավայրում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ