01/08/2024 16:58
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումից հետո Թուրքիան նախապայման է առաջադրել Մարգարայի անցակետը բացելու համար
Երկու օր առաջ հայ-թուրքական սահմանին «կարգավորման գործընթացի» հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից հետո Թուրքիան կրկին շտապել է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ՝ կրկնելով իր դիրքորոշումը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների՝ իրենց համար ցանկալի ավարտից հետո։
Հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Sabah թերթին տված հարցազրույցում Ֆիդանն ասել է․
«Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շարունակում են բանակցությունները հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք պետք է գործողությունների սցենար պատրաստենք՝ այդ բանակցությունների հաջող ավարտի դեպքում․ այն պարագայում, եթե դրանք դրական ավարտվեն։ Այժմ ամեն ինչ դրան է տանում։ Բանակցություններն ավարտվելուց հետո մենք կգործարկենք այդ սցենարը և անցակետը (Մարգարայի-խմբ․) կբացենք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։