01/08/2024 18:29
«Ոստիկանության աշխատակիցների բռնությունը զուգորդվել է հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի, այլ նաև բոլոր արցախցիների հասցեին»․ Փաստաբանն ընդգծում է՝ թշնամական վերաբերմունք է ցուցաբերվել
Փաստաբան Էրիկ Բելգարյանը մանրամասներ է հայտնել օկուպացված Արցախից բռնի տեղահանված մեկ այլ փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ պարեկների ոչ իրավաչափ գործողությունների մասին․
«ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունը Արամ Երիցյանի նկատմամբ, որը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցիների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան արցախցինների հանդեպ ուղղորդված անհարգալից վերաբերմունք, ինչու՞ չէ՝ նաև թշնամական վերաբերմունք։ Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն և վրդովմունք են առաջացնում հասարակության շրջանում և հստակ ցույց են տալիս, որ համակարգի ներսում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ։ Եթե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ պետք է ձերբակալվեն բոլոր այն ոստիկանները, որոնք անմիջապես մասնակից էին այդ ծեծկռտուքին՝ հստակ ցուցադրելով, որ պետությունն արժևորում է մարդու իրավունքները և իր քաղաքացիների անվտանգությունը։ Առանց այդպիսի գործողությունների հասարակությունը կարող է կորցնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը կարող է բերել ավելի մեծ խնդիրների ու անկարգությունների։
Նման դեպքերը չպետք է մնան անպատիժ, և պետությունը պետք է վճռականորեն պայքարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք խաթարում են հասարակական կարգը և վտանգում քաղաքացիների արժանապատվությունը։ Արդարության հաստատումը պահանջում է, որ մեղավորները կրեն իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում»։