01/08/2024 11:35
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար հատուկ ընկերություն կստեղծվի (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի, որոշունն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Ընկերությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր նոր առաջարկվող ատոմակայանների տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև։
Ընկերությունը պետք է ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե:
Կառավարությունն ակնկալում է, որ նոր ընկերությունը ստեղծումից հետո 1,5-2 տարի անց կկարողանա եզրակացություն ներկայացնել։