02/08/2024 09:36
«Ժողովուրդ». Կամո Վարդանյանի հրամանատարության օրոք Արցախը հանձնվեց հակառակորդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով):
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Վերջինիս հրամանատարության օրոք հենց Արցախը հանձնվեց հակառակորդին:
Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաև ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին:
Եվ չի բացառվում, որ հայրենիքի և սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել. Կամո Վարդանյանն ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից վերադառնալիս նույն ինքնաթիռում են եղել, ու ինքնաթիռով վայրէջք կատարել Սիսիանում:
Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչև ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»:
Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլև բոլոր պատերազմներում, այսքանը»»։