02/08/2024 14:36
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպել է Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը որպես աղվանական ժառանգություն ներկայացնող վատիկանյան լրատվամիջոցի տնօրենի հետ
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։
«Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական հանրության կողմից»,- ասվում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթը վերջերս հրատարակեց մի հոդված՝ "A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole" վերնագրով («Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ»), որտեղ հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։ Նյութի հեղինակը Ռոսելլա Ֆաբիանին է, ով հոդվածում խոսում է Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին և նշում, որ այցելել է «Garabagh» /ընդգծումը՝ հոդվածից/, ծանոթացել աղվանական ժառանգության նշանավոր վանքերին։