02/08/2024 17:13
Իրանի համար անընդունելի է Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին խոսույթը․ Իրանցի փորձագետ
«Արցախահայերի վերադարձը շատ կարևոր է Իրանի համար, և Իրանը պաշտոնական խողովակներով բարձրաձայնում է այդ մասին։ Անդրկովկասում էթնիկ փոփոխությունն անթույլատրելի է Իրանի համար, ուստի արցախահայերի բռնի տեղահանումն Իրանն անօրինական է համարում։ Իրանը պահանջում է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենիք և նրանց անվտանգությունն ապահովվի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասել է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։
«Իրանի համար նաև անընդունելի է այն խոսույթը, որ ասում են՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան․ էթնիկ փոփոխություն ասելով՝ Իրանը նաև սա նկատի ունի»,-ասել է իրանցի փորձագետը։
Հարցին՝ դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար, Փույա Հոսեյնին պատասխանել է․
«Միանշանակ, Սյունիքի հարցն է առաջանում, որտեղ բնակվելով, ադրբեջանցիները կարող են աստիճանաբար իրավունքներ պահանջել, այդ թվում՝ անվտանգային, և դա հիմք կհանդիսանա, որ Թուրքիան ռազմական ուժով միջամտի, Ադրբեջանը միջամտի, ինչի հետևանքով Սյունիքի անվտանգությունը շատ խոցելի կդառնա, հիմքեր կստեղծվեն, որ Սյունիքում իավունքներ ձեռք բերեն»։