02/08/2024 14:33
Գենդերային սկանդալ՝ Օլիմպիական խաղերում. նախկինում սեռային պատկանելության թեստը տապալած Ալժիրցի մարզիկը հայտարարել է՝ «մեծ դավադրության» զոհ է դարձել
Փարիզի օլիպմիական խաղերում մինչև 64 կգ քաշային կարգում բռնցքամարտի կանանց մրցաշարում իտալացի Անժելա Կարինին 46 վայրկյան անց հրաժարվել է շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ, որը 2023 թվականին ձախողել էր սեռային պատկանելության թեստը. գրում է The Guardian-ը:
Խելիֆը այն երկու բռնցքամարտիկներից մեկն է, որոնց թույլատրվել է մենամարտել Օլիմպիական խաղերում, չնայած նրան, որ անցյալ տարի որակազրկվել էր կանանց աշխարհի առաջնությունից՝ գենդերային իրավասության թեստերը ձախողելու համար:
Խելիֆի մի քանի հարվածներից հետո Կարինին վերադարձել է իր անկյունը և բարձրացրել ձեռքը: Խելիֆի հաղթող հռչակվելուց հետո նա հրաժարվել է սեղմել ալժիրցու ձեռքը՝ ընկնելով ռինգում ու լաց լինելով։ Ռինգից հեռանալուց, նա բղավել է. «Սա արդար չէ»:
«Ես այստեղ չեմ եկել որևէ մեկին դատելու: Ես ուղղակի իմ գործն էի անում։ Սա իմ Օլիմպիադան է, ես ուզում էի հաղթել։ Բայց քթին այդ հարվածները չափազանց ցավոտ էին, և ես ասացի «բավական է», – ավելացրել է Կարինին:
Մենամարտից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ենթարկվել է քննադատության, որ թույլ է տվել Թայվանի Խելիֆին և Լին Յութինգին այս խաղերում հանդես գալ կանանց կատեգորիայում։
Մինչդեռ ՄՕԿ-ը հայտարարություն է տարածել և հաստատել է, որ երկու բռնցքամարտիկներն էլ «համապատասխանել են» մուտքի կանոններին և «երկար տարիներ մասնակցել են բռնցքամարտի միջազգային մրցումներին կանանց կատեգորիայում»:
«Ինչպես բռնցքամարտի օլիմպիական նախորդ մրցումներում, մարզիկների սեռը և տարիքը հիմնված են նրանց անձնագրում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այնուամենայնիվ, մտահոգություններ են առաջացել բռնցքամարտի և ավելի լայն մարզական հանրության շրջանում:
Ավստրալիայի բռնցքամարտի ավագ Քեյթլին Պարկերը մտավախություն է հայտնել, որ իր թիմակիցներից մեկը մենամարտում է նույն 66 կգ քաշային կարգում, ինչ Խելիֆը: «Ես համաձայն չեմ, որ նրանց թույլատրեն մրցել սպորտում, հատկապես մարտական սպորտում», - ասել է Պարկերը: «Դա կարող է աներևակայելի վտանգավոր լինել»։
Agence France-Presse-ը հաղորդել է, որ Խելիֆն իր հերթին հայտարարել է, որ «մեծ դավադրության» զոհ է դարձել անցյալ տարվա աշխարհի առաջնության եզրափակիչից անմիջապես առաջ որակազրկվելուց հետո:
Ալժիրի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է հարգարժան մարզիկի՝ Իմանե Խելիֆի թիրախավորումը «որոշ օտարերկրյա լրատվամիջոցների կողմից» անհիմն քարոզչությամբ՝ հավելելով. «Նրա անձի և արժանապատվության դեմ նման հարձակումները խորապես անարդար են, հատկապես, երբ նա պատրաստվում է Օլիմպիական խաղերում իր կարիերայի գագաթնակետին։ Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու մեր չեմպիոնին»։
Հունգարացի բռնցքամարտիկ Լուկա Աննա Համորին, ով հաջորդ փուլում պետք է հանդիպի Խելիֆի հետ, ասել է, որ պատրաստ է: «Ես դուրս կգամ ռինգ և կստանամ իմ հաղթանակը: Ես վստահում եմ իմ մարզիչներին և վստահում եմ ինքս ինձ»,-ասել է նա: