02/08/2024 11:02
Պարեկների կողմից արցախցի երիտասարդին ծեծի ենթարկելու գործով ծառայողական քննություն է նշանակվել
Պարեկների կողմից արցախցուն ծեծի ենթարկելու, նրա ձեռքը կոտրելու, արցունքաբեր գազ կիրառելու մասին հայտարարության հիման վրա ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը երեկ հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորը՝ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու մի շարք վնասվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
«Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայող դաժանաբար ծեծի են ենթարկել հարազատ եղբորս՝ Արման Երիցյանին»,- ուղիղ եթերում հայտարարել էր փաստաբանը:
Նրա խոսքով` եղբոր երեսին արցունքաբեր գազ են փչել, կոտրել են ձեռքն ու մատները և տարել ոստիկանության Արաբկիրի բաժին։