02/08/2024 14:44
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Երկաթուղայինի օրը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մասնագիտական տոնը ՝ Երկաթուղայինի օրը, նշել են մի շարք միջոցառումներով Գյումրու, Երևանի, Սևանի և Վանաձորի ձեռնարկություններում:
Հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, այն տարածաշրջանում, որտեղ ընթացիկ տարվա մայիսին բնական տարերքը ավերել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Ընկերությունը պարգևատրել է ընդհանուր առմամբ ավելի քան 600 աշխատակիցների, որոնք մասնակցել են ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների վերականգնողական աշխատանքներին: Բացի ՀԿԵ-ից և ընկերության արհմիությունից, պարգևատրումներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ Փրկարար ծառայության և Լոռու մարզպետարանի կողմից:
Ինչպես իր շնորհավորական խոսքում նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղայինները պատվով և արժանապատվությամբ ընդունեցին տարերքի մարտահրավերը: «Երկու-երեք շաբաթ շարունակ մեր անձնակազմը ՝ շարքային երթուղայինից մինչև ղեկավար կազմ, աշխատել է ճանապարհին աննախադեպ վնաս պատճառած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ և այդ քննությունը հանձնեցինք արժանապատվորեն։ Ընդ որում, մեր կոլեկտիվը մենակ չի մնացել տարերքի հետ։ ՀԿԵ - ին մասնագիտական և եղբայրական օգնություն ցուցաբերեցին ռուս և վրացի գործընկերները ՝ դրանով իսկ ապացուցելով, որ մասնագիտական փոխօգնության և աջակցության մասին թեզերը պարզապես խոսքեր չեն», - նշեց Ա.Մելնիկովը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդգծել է երկաթուղու ռազմավարական նշանակությունը հանրապետության համար ՝ նշելով, որ հենց մայիսյան օրերին այդ նշանակությունն իրեն առավել ցայտուն դրսևորեց, երբ երկիրը զրկվեց արտաքին երկաթուղային կապից: Նրա խոսքով, երկաթուղայիններն իրենց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ կարողացան արագ ձևավորել երկիր ռազմավարական բեռների ներմուծման ժամանակավոր սխեման և արագ վերականգնել գնացքների երթևեկությունը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ երկաթուղայիններն ավանդաբար հանրությանը հնարավորություն են տալիս կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, անվճար երթևեկել ընկերության մերձքաղաքային գնացքներով (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրես գնացքից) և մաղթում հաճելի ճանապարհորդություններ։ Խոսքը Երևանից Գյումրի, Երասխ, Արաքս, Սևան-Շորժա և հակառակ ուղղությամբ 12 ուղղությունների մասին է։