02/08/2024 13:05
Հացահատիկի գինն ընկել է, մսի, բուսական յուղերի և շաքարի գինը՝ բարձրացել․ պարենային ապրանքների համաշխարհային գները
Պարենային ապրանքների համաշխարհային հենանիշային գներն, արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, մեծ առումով անփոփոխ են մնացել հուլիսին, իսկ բուսական յուղերի, մսի և շաքարի միջազգային գնանշումների աճը փոխհատուցվել է հացահատիկային ապրանքների շարունակվող գնիջեցմամբ, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը․ տեղեկացնում են ՄԱԿ ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակից։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հուլիսին միջինում կազմել է 120.8 միավոր, որն աննշան ցածր է հունիսին վերանայված 121.0-ից։ Ներկայում ինդեքսը 3.1 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա համապատասխան ցուցանիշից։
ՊԳԿ հացահատիկային ապրանքների ինդեքսը հունիսից ի վեր նվազել է 3.8 տոկոսով, քանի որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են բոլոր հիմնական հացահատիկային ապրանքների արտահանման համաշխարհային գները։ Ցորենի գնանշումները նվազել են հյուսիսային կիսագնդում ընթացող ձմեռային բերքահավաքի սեզոնային աճի, ինչպես նաև Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ բարենպաստ պայմանների շնորհիվ, որն արդարացնում է տարեվերջին ցորենի գարնանային մեծածավալ բերքահավաքի ակնկալիքները։
Նվազել են նաև եգիպտացորենի արտահանման գները, քանի որ Արգենտինայում և Բրազիլիայում բերքահավաքը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել, իսկ Միացյալ Նահանգներում բերքի պայմանները մնացել են կայուն: Ընդհանուր առմամբ հանգիստ առևտրային գործունեության պայմաններում ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.4 տոկոսով, որը հիմնականում վերաբերում է Indica և Japonica սորտերին:
Դրան հակառակ՝ ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիսի համեմատ 2.4 տոկոս աճ է գրանցել՝ հասնելով մեկուկես տարվա ամենաբարձր ցուցանիշին: Բարձրացել են արմավի, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի համաշխարհային գնանշումները, որը բացատրվում է կենսավառելիքի ոլորտում սոյայի յուղի մեծ պահանջարկով և մի շարք խոշոր արտադրող երկրներում արևածաղկի ու ռապսի բերքի հեռանկարների վատթարացման պատճառով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը հուլիսին 1.2 տոկոսով բարձրացել է, ինչը պայմանավորված է թռչնամսի, ոչխարի և տավարի մսի ներմուծման մեծ պահանջարկով, այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայում գերմատակարարման արդյունքում ստեղծված իրավիճակի հետևանքով նվազել են խոզի մսի գները։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսի համեմատ 0.7 տոկոսով աճել է, քանի որ Բրազիլիայում սպասվածից ցածր արտադրությունը Հնդկաստանում մուսոնային տեղումների և Թաիլանդում բարենպաստ եղանակային պայմանների բարելավման ազդեցությունից ավելի ծանրակշիռ դեր է ունեցել։
ՊԳԿ կաթնամթերքի գների ինդեքսը հուլիսին անփոփոխ է մնացել, քանի որ կաթի փոշու գնանշումների նվազումը փոխհատուցվում է կարագի և պանրի գնանշման բարձրացումներով: