03/08/2024 21:31
Մելանոմա. Մաշկաբանի անդրադարձը
Մելանոման գունակագոյացնող բջիջների (մելանոցիտներ) չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է վերջիններիս անվերահսկելի աճով:
Մաշկաբան Դավիթ Հարությունյանի խոսքով, մելանոման մաշկի չարորակ նորագոյացությունների մեջ կազմում է մինչև 5 %, սակայն մահացությամբ ամբողջ աշխարհում, վերջիններիս մեջ առաջին տեղում է :
Սպիտակամորթ պոպուլյացիայում, մելանոմայով հիվանդացությունը աճել է մոտ 2 անգամ և ներկայումս ԱՄՆ-ում չարորակ նորագոյացությունների մեջ 6-րդ տեղում է իր հանդիպման հաճախականությամբ: Ամենաբարձր հիվանդացությունն Ավստրալիայում (34,9 / 100 000) և Նոր Զելանդիայում է (35,84 / 100 000):
Մելոնոմայի ախտորոշման միջին տարիքը 63 տարեկանն է:
Մելանոմայի ախտածագման մեջ մեծ նշանակություն ունի ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթումը, գերազանցապես, մանկական և երիտասարդ տարիքում:
Բժիշկն առանձնացրեց մելանոմայի զարգացման ռիսկի հիմնական գործոնները՝
խալերի փոփոխություն (գլխավոր նախազգուշացնող ախտանիշներից է ),
գունակային քսերոդերմա,
ատիպիկ, դիսպլաստիկ նևուս,
ընտանեկան ծանրացած անամնեզ,
100 –ից ավել հասարակ նևուսների առկայություն,
նախկինում ունեցած մելանոմա կամ այլ մաշկի չարորակ նորագոյացություններ ( բազալ և տափակ բջջային քաղցկեղ )։
Հիմնականում արական սեռի մոտ՝
50-ից բարձր տարիք,
բնական և արհեստական ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթներ,
մեծ բնածին նևուս ( մոտ. 20 սմ տրամագծով ),
իմունիտետի դեֆիցիտ,
լուսազգայունության I և II լուսատեսակի մաշկ,
բնակություն լեռնային գոտրիներում:
Դավիթ Հարությունյանի խորհուրդները՝ մելանոմայի առաջացումը կանխարգելելու համար
Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արհեստական լույսի աղբյուրներից։
Կիրառել լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներ ( ինչպես քսուքների, այնպես էլ հագուստի, ակնոցի տեսքով )։
Կատարել մաշկի ինքնազննում` հատկապես մեծ քանակությամբ խալերի առկայության և ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի դեպքում:
Խորհուրդ է տրվում ինքնուրույն զննել մաշկի գունակային գոյացությունները և որևէ փոփոխություն ( ասիմետրիա, սահմանների անկանոնություն, գույնի անհամաչափություն, տրամագծի փոփոխություն, տարրերի գույնի , ձևի և չափերի միասնական փոփոխություն) կամ նոր գոյացություն նկատելու պարագայում անպայման դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի։
Կատարել հարցում առաջին սերնդակցության հարազատների շրջանում, հատկապես, եթե անամնեզում ունեն ատիպիկ նևուսներ:
Մաշկաբանի խոսքով, ներկայումս ախտորոշման ամենավստահելի մեթոդը ախտահյուսվածաբանական մեթոդն է, որը համարվում է ինվազիվ:
Ոչ ինվազիվ հետազոտությունների մեջ ոսկե ստանդարտը դերմատոսկոպիայի մեթոդն է, որը հնարավորություն է տալիս ախտորոշել մաշկի մելանոման զարգացման ամենավաղ փուլում:
Ինչքան վաղ է ախտորոշվում մելանոման, բուժումն այնքան բարենպաստ ելք է խոստանում:
Երբ մելանոմայի բուժումը սկսվում է մինչև ավշային հանգույցներում մետաստազների առաջացումը, ապա 5 և ավելի տարվա վերապրելիության հավանականությունը հասնում է 94-97 %-ի, ավշահանգույցներում մետաստազների դեպքում նվազում է մինչև 38-78 %, իսկ ներքին օրգանների մետաստազավորումից հետո չի գերազանցում 20 %-ը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։