03/08/2024 10:15
Այն, ինչ Իսրայելն արեց Իրանի սրտում, կարող էր անել այլ առիթով, այլ երկրում, սակայն գնաց ամենավտանգավոր ճանապարհով. Տիգրան Աբրահամյան
Իսրայելին լուռ կամ ուղիղ աջակցությամբ խրախուսել են Իրանի ինքնիշխան տարածքում հարվածներ հասցնելը, հիմա էլ թե՝ աջակցում ենք Իսրայելի պաշտպանության ապահովմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Երբ Իսրայելը այս կամ այն երկրում գործողություն է իրականացնում, չեն ասում, թե այս կամ այն քայլն ինչ ծանր հետևանքների կարող է բերել, առավել ևս` դա կանխող որևէ ջանք չեն գործադրում, իսկ վերջում հերոսաբար պայքարում են կոնֆլիկտը չընդլայնելու դեմ:
Այն, ինչ Իսրայելն արեց Իրանի սրտում` ՀԱՄԱՍ-ի ղեկավարին շարքից հանելու ուղղությամբ, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, այլ երկրում, սակայն իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար գնաց ամենավտանգավոր ճանապարհով:
Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար», - գրել է նա։