03/08/2024 17:48
Իշխանությունը մեր ու ձեր պայքարը սևացնելու, հակաքարոզչության համար միայն մեկ ամսում 50 միլիոն դոլար է ծախսել․ Ինչու՞․ որովհետև ասել ենք՝ չպիտի մեր անունով թշնամու թելադրանքը կատարես․ Բագրատ Սրբազան
Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ իշխանությունները մեկ ամսում 50 միլիոն դոլար են ծախսել՝ Շարժման, Սրբազան պայքարի դեմ տեղեկատվական տեռոր իրականացնելու համար, այդ հակաքարոզչության 70 տոկոսը իր դեմ է եղել։
«Մեզ տեղեկություններ են հասել մի քանի աղբյուրներից․ մեկ ամսվա ընթացքում՝ ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբ, միայն մեկ ամսվա տվյալն եմ ասում, մեր ու ձեր պայքարի դեմ էս մարդիկ շուրջ 50 միլիոն դոլար են ծախսել՝ փորձելով սևացնել, ամենավերջին խոսքերն ասել։ Իբրև Կանադայում 4 տուն «ունեմ», 2 բիզնես «ունեմ», միլիոններով փողեր ենք «տարել» աջ ու ձախից․․․ Ինչ ասես ասել են, ինչ մտքներով անցել է։
Իսկ ինչու՞՝ որովհետև մենք ասել ենք՝ մեր երկրին հաշտություն է պետք, ասել ենք՝ չես կարող հակաօրինական, հակասահմանադրական, ազգի կյանքը մթագնող գործողություններ ձեռնարկել, ասել ենք՝ չես կարող անընդհատ ստով պահել ժողովրդին, չես կարող անընդհատ կեղծիքով ապրել, չես կարող մեր անունով անընդհատ թշնամու թելադրանքները կատարել։ Եվ դա ասելու համար մեկ ամսում՝ ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբ, ընդամենը տեղեկատվական դաշտի վրա 50 միլիոն դոլարին հասնող փող են ծախսել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա կոչ արել գնալ ու ստուգել իր ասածները, նաև կոչ արեց ստուգել՝ Կիրանցի բնակիչների հողն ու ունեցվածքը թշնամուն հանձնելուց հետո այս իշխանությունները որտեղի՞ց են մեծ փոխհատուցումներ առաջարկել ու վճարել նրանց։
«Որտեղի՞ց են բերել այդ փողը։ Դրսի՞ց են բերել, ներսի՞ց են բերել։ Չէ՞ որ ասում են՝ թափանցիկ ենք մենք։
Թափանցիկ միայն «աթլետիկ» կազմվածքդ է մնացել, ուրիշ ոչ մի բան։ Ի՞նչ թափանցիկ։ Իսկի տանը թափանցիկ չեք դուք»,- դիմելով իշխանությանն ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին, ասաց Բագրատ Սրբազանը։