03/08/2024 12:13
Զորակցությունս եմ հայտնում ՀՀ և աշխարհի եզդիներին. Ալեն Սիմոնյանի ուղերձը՝ Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ:
Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, 2018 թվականին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս տարի էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 3-ը Հայաստանում նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի ու աշխարհի եզդիներին եւ վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը»,- ասված է ուղերձում: