03/08/2024 21:17
Արմեն Տեր-Սահակյանի գործը կամ կվերաբացվի, կամ դիմում կներկայացվի ՄԻԵԴ. «Փաստինֆո»
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը պատրաստվում է ՄԻԵԴ-ում գործընթաց սկսել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նրա որդին` Աբգար Տեր-Սահակյանը:
Շուրջ 32 տարի առաջ հենց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությամբ էլ դրվեց Հայաստանում քաղաքական սպանությունների հիմքը։
Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Քննությամբ հիմնավորվել ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ապացուցվել է, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր 1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։ Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկացված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:
Հաստատվել է բանդայի կողմից իրականացված առնվազն 5 անձի՝ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդի՝ Վարուժան Աբրահամյանի, Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, նրա վարորդի և ուղևորի սպանությունը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի և նրա վարորդի սպանության փորձը, ինչպես նաև՝ ավազակային հարձակման մի շարք դրվագներ։
Արմեն Տեր-Սահակյանն այս ընթացքում մի քանի անգամ դիմել է դատարան` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարց բարձրացնելով, որոնք մերժվել են, 2023թ. դեկտեմբեր ամսին` հրաժարվել է վաղաժամկետ ազատ արձակման դիմումից, տուժող կողմի պնդմամբ` հանրային ճնշման արդյունքում: Ավելին, բանդայի կողմից սպանված Հովհաննես Սուքիասյանի որդին` Թադևոս Սուքիասյանը, երեկ հրավիրված ասուլիսում ահազանգել էր` Տեր-Սահակյանի կողմից կրկին վաղաժամկետ ազատ արձակման հարց բարձրացնելու մասին, միևնույն ժամանակ, Սուքիասյանն անդրադարձել էր Տեր-Սահակյանի` օրերս տված հարցազրույցին, որում վերջինս պնդել էր, թե ինքը տուժող չունի, իսկ սպանությունների մասին խոսելով` ասել էր, թե լիկվիդացրել է թշնամուն, իսկ Սուքիասյանը` «սփյուռքի փողերով» պահում էր, որ պատերազմում պարտվեն. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա, գան իշխանության և որ ինքը զղջում է միայն այն բանի համար, որ գործերը բացահայտվել են: Տեր-Սահակյանի այս հայտարարություններին արձագանքել է տուժող կողմը` Հովհաննես Սուքիասյանի որդին` ներկայացնելով հակափաստարկները, ինչպես նաև` գործով ցուցմունքները, այդ թվում` Տեր-Սահակյանի:
Արմեն Տեր-Սահակյանի որդին` Աբգար Տեր-Սահակյանը, սակայն, պնդում է, թե այժմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը հետին պլանում է, երկու անգամ հրաժարվել են դիմումից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում