04/08/2024 13:10
Կարևորը՝ սև կարիճը սատկեց, ուրեմն՝ շուտով ամեն ինչ կավարտվի․ Նարեկ Մալյանի պատմվածքը բանտից
Սև կարիճը սատկեց
Lo scopion nero è morto
(պատմվածք՝ բանտից)
Մելիքյան Ռուբենը դատական ամեն նիստից մեկ օր առաջ տեսակցում է ինձ: Ես, արդեն մեկ տարվա բանտարկության ընթացքում, Պավլովի շների պես պայմանական ռեֆլեքս եմ ձեռք բերել: Եթե վաղը դատական նիստ ունեմ, ուրեմն՝ այսօր գիշերը՝ 11-ին, բանտախցի դռան հետևից լսում եմ.
– Մալյան, պատրաստվիր, փաստաբանն ա եկել:
Դռան հետևից ձայն տվող հսկիչը չի տեսնում, որ ես արդեն կազմ-պատրաստ եմ: Ես էլ, պրոտոկոլը պահելու համար, ասում եմ.
– 5 րոպեից պատրաստ կլինեմ:
Ռուբոյի այցելության ուրախալի կողմերից մեկն այն է, որ հետը 10-20 հատ A4 ձևաչափի թղթեր է բերում ինձ, որպեսզի պատմվածք գրեմ: Ես էլ գրում եմ:
Այդ օրն էլ, դատից առաջ՝ ճիշտ ժամը 23:00-ին, խցիս դուռը ծեծեցին:
– Մալյան, փաստաբան…
– Cinque minuti,– զուտ իմ ու հսկիչի միապաղաղ կյանքում որևէ փոփոխություն մտցնելու համար իտալերեն պատասխանում եմ ես:
5 րոպեից ինձ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ իջեցնում են երկու հարկ ներքև:
– Grazie mille ragazzi,– իտալերեն շնորհակալություն եմ հայտնում հսկիչներին:
Հսկիչները ժպտում են. արդեն սովորել են իմ գժություններին:
– Ciao Signor Avvocato,– գոռում եմ ես՝ Մելիքյան Ռուբենին տեսնելով:
Ռուբենը ժպտում է. նա վաղուց է սովոր իմ գժություններին:
– Բա չիմացար՝ ինչ եղավ,– Ռուբենի դեմքն այլայլված է:
– Ի՞նչ ա պատահել,– անհանգստանում եմ ես:
– Արի՝ ցույց տամ,– Ռուբենը տեսակցությունների սենյակի դռան առջև գետնին ինչ-որ բան է ցույց տալիս:
– էս ի՞նչ ա:
– Սև կարիճ:
Եվ իրոք, դռան դիմաց ընկած է սատկած սև կարիճ, որի խայթոցն, ասում են, մահացու է:
– Քիչ մնաց՝ ինձ խայթեր, հսկիչները տեսան՝ սպանեցին, կարելի է ասել՝ կյանքս փրկեցին,– Ռուբոն մտահոգ էր:
Իրոք, մտահոգիչ էր:
Մի պահ ես էլ մտահոգվեցի: Բա որ, իրոք, խայթեր ինձ ու Ռուբոյին:
– Գիտե՞ս, որ «Նեռ»-ը իտալերեն «Nero»-ն ա, նշանակում ա «սև», էս կարիճի պես,– ասացի ես:
– Բա «կարիճ» ո՞նց կլինի իտալերեն,– հետաքրքրվեց Ռուբոն:
– Էդ՝ չգիտեմ:
Մի քիչ նստեցինք Ռուբոյի հետ, խոսեցինք կարիճներից: Ռուբոն մի պատմվածքի թուղթ նվիրեց ինձ ու գնաց: Գնալուց նորից բոլորս նայեցինք սատկած կարիճին՝ ես, Ռուբոն, հսկիչները…
– Գնացի՞նք,– այս անգամ հայերեն ասացի հսկիչներին:
– Գնացինք,– համաձայնեցին նրանք ու ինձ ուղեկցեցին իմ խուց:
Խցի դռան մոտ հասկացա, որ Ռուբոյից այդպես էլ չիմացա՝ իմ դատական նիստից ինչ նորություն կամ սպասելիք կար: Կարևորը՝ սև կարիճը սատկեց, ուրեմն՝ շուտով ամեն ինչ կավարտվի…
Prigioniero politico Նարեկ Մալյան