04/08/2024 12:01
Փաստաբանը կադրեր է հրապարակել, թե ինչպես են պարեկները ծեծի ենթարկում արցախցի Արամ Երիցյանին (Տեսանյութ)
Հրապարակում եմ արգելված վայրում կանգառ կատարելու պատճառով եղբորս նկատմամբ բռնի ուժ գործադրելու տեսաձայնագրության մեզ հետաքրքրող հատվածները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օրերս պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ուշադրություն․ քնիիչը չի տրամադրել մյուս պարեկային ծառայողի (տուժող ճանաչված պարեկային ծառայողի) տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը, քանզի պարեկային ծառայությունից նրան գրությամբ պատասխանել են, որ նշված սարքը եղել է անջատված վիճակում։ Ըստ մեզ, տեսաձայնագրությունը թագցնելու պատճառն այն է, որ դրանով հստակ լսվում է՝ ինչ բնույթի հայհոյանքներ են հնչեցվում եղբորս ու բոլոր արցախցիների հասցեին, ինչպես նաև հստակ երևում՝ ինչ բնույթի բռնություն է կիրառվում եղբորս նկատմամբ՝ նրան աստիճաններով ոստիկանության բաժնի երկրորդ հարկ տեղափոխելիս։ Այս ամենը ցավոք արձանագրված չէ սույն տեսաձայնագրությամբ, քանզի դրա հեղինակը, այսինք՝ պարեկային ծառայողը, ոստիկանության բաժնում եղբորս երկրորդ հարկ տեղափոխելու գործողությանը չի մասնակցել։
Այնուամենայնիվ, մեկնաբանություններում տեղադրված լուսանկարից հստակ երևում է, որ մյուս պարեկային ծառայողի տեսաձայնագրող սարքն ևս եղել է միացված վիճակում։ Ավելին՝ տուժող ճանաչված պարեկային ծառայողն իր ցուցմունքով հստակ նշել է, որ իր տեսաձայնագրող սարքը եղել է միացված վիճակում։
Հիշեցնում եմ, որ եղբորս կալանավորման հարցը կքննարկվի կիրակի օրը՝ ժամը 12։00-ին։ Հասցե՝ ք․ Երևան, Արաշակունյաց 24/1։ Դատավոր՝ Նելլի Բաղդասրյան։
Բոլորիդ ներկայությունը պարտադիր է»,- գրել է նա։