05/08/2024 21:18
Իշխանություն կոչված նեռին պետք է հեռացնենք, որ կարողանանք վերականգնել մեր տունը, գլուխներս բարձր ապրել․ Բագրատ Սրբազան
Այսօր գտնվում ենք նաև հոգեբանական պայքարի մեջ․ մարդկանց փորձում են համոզել, որ ամեն ինչ վերջացել է, գնացեք տներով, բայց մենք այդ հոգեբանական պայքարում պետք է հաղթենք ու շարունակենք մեր անելիքները, Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
Նա շեշտեց՝ մեր բոլորի տունը՝ Հայրենիքը, վերականգնելու են այն մարդիկ, որոնք սթափ են դատում, իրականության գիտակցում ունեն։
«Ովքեր գիտակցում են, որ այսօր Հայաստանը գտնվում է աղետի մեջ, գտնվում է հանցագործ մարդկանց տիրապետության, նեռի իշխանության ներքո, ովքեր համոզմունքով են հավատում, որ հենց իրենք են, որ այս պայքարի ճանապարհով պիտի վերականգնեն մեր տունը։ Այս պայքարը, այս Շարժումը բոլոր այդպես մտածող մարդկանց համար է»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ «իշխանություն կոչված նեռին հեռացնելը այս մեծ գաղափարական դաշտում փոքր բաղադրիչ է, բայց մեծ խոչընդոտ»։
«Այո, պետք է հեռացնել, որպեսզի կարողանանք մեր ճանապարհը բացել այնպես, որ մեր գլուխները բարձր ապրենք, բացել այնպես, որ մեր հեռանալու, մեկնելու ժամին չամաչենք, պատճառաբանություններ չորոնենք, չասենք՝ չհասցրինք, չկարողացանք։ Եթե սա գոյութենական նշանակություն չունի մարդու համար, էլ ի՞նչն ունի ուրեմն։ Եթե մարդն իր վերջին ժամի համար հաշվետու չէ այսօր, ի՞նչն ունի ուրեմն ավելի մեծ նշանակություն»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։