05/08/2024 20:57
Դանակահարություն՝ Դիլիջանի անտառում․ Վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անգիտակից վիճակում «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։
Պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Ա․ Ու․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Ա․ Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ Վիրավորը «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքից։ Այնտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլն։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։