05/08/2024 14:05
Վաղը՝ ժամը 21:30-ին, դիմավորում ենք մեր հզոր տղաներին․ ՄՖ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մասնակիցներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Հայաստան կվերադառնան վաղը:
«Վաղը՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 21:30-ին դիմավորում ենք մեր հզոր տղաներին»,- ասվում է Մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:
35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ էր ունեցել և վաստակել 14,866 միավոր ՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:
Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով: