05/08/2024 10:23
Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Դատավոր Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով՝ կապված վերջինիս՝ ԱԺ քննիչ հանձնաժողովին մասնակցության համար ՔԿՀ-ից ԱԺ ճանապարհին մորը տեսակցելու հետ։
Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում լուծել է այդ հարցերը, մասնավորապես՝ ԱԺ շենքից մինչև ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղաշարժվելու համար դատարանը սահմանել է օբյեկտիվորեն անհարկի երկար` 2 ժամ ժամանակ, ինչպես նաև սահմանել է, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման։ ԱՆ-ն գտել է, որ նշված խախտումները հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման: