05/08/2024 18:30
Փրկարար ծառայության գումարը կրճատվում՝ ուղղվում է ոստիկաններին․ Կառավարությունում են որոշել
ՀՀ Կառավարությունում որոշել են բյուջեով Փրկարար ծառայությանն ուղղված միջոցները ևս ծախսել Ներքին գործերի նախարարության ոստիկանների կարիքները բավարարելու համար, գրում է 168․am-ը։
Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է օգոստոսի 1-ի նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով։
Ներքին գործերի նախարարությունից առաջարկել են Փրկարար ծառայությանն ուղղված միջոցներից կրճատել և 303 միլիոն 559.000 դրամ հատկացնել Ներքին գործերի նախարարության կարիքների, ոլորտի քաղաքականության մշակման, կառավարման, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի և վերահսկողության համար։
303 միլիոն 559.000 դրամը Ներքին գործերի նախարարությունը կծախսի մի շարք ապրանքներ և ծառայություններ գնելու համար, որոնցից առանձնացրել ենք մի քանիսը։
Եվ այսպես, 8 միլիոն 569.000 դրամ կուղղվի ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի, վարչակազմի և ՃՈ ուղեկցող վաշտի, վարչակազմի ավտոմոբիլների լվացման ծառայությունների ձեռքբերման համար։
Էներգետիկ ծառայություններին ուղղվելու է 87 միլիոն 796.000 դրամ, համակարգչային ծառայություններին՝ 49 միլիոն 500.000։
Մեկ անձից գնման ընթացակարգով ՆԳՆ-ի համար կգնեն նաև 3 շուն, որից 1-ը՝ մայր՝ 450.000 դրամ, 2-ը՝ ձագեր, յուրաքանչյուրը՝ 250.000 դրամ։
63 միլիոն 240.000 դրամով Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերելու նոր սարքավորումներ՝ 120 հատ ռադիոկայան, որոնցից յուրաքանչյուրի արժեքը՝ 457.000 դրամ։
Այդ ռադիոկայանները ոստիկաններն օգտագործում են հանրահավաքների, ցույցերի ժամանակ։
Այս գնումն իրականացել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։