06/08/2024 10:07
Հայաստանի իշխանությունը տարբեր առիթներով ապացուցել է, որ հայկական օրակարգ չի ներկայացնում. Տիգրան Աբրահամյան
Մինչ հայաստանյան իշխանությունը ագրեսիվ կեցվածքով կամ լավագույն դեպքում` լռությամբ է արձագանքում արցախցիների` Արցախ վերադարձի հարցին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը «Խաղաղության փաստաթղթի» բանակցությունների համատեքստում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, իսկ որպես ճանապարհ` մատնանշում է արցախցիների և ադրբեջանցիների ուղիղ բանակցությունները, որի հիմքում վերջիններիս անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումն է, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշել է` ավելին, ԵՄ դիվանագետը նաև արձագանքել է Բաքվի` արցախցիների Արցախ վերադարձի թեմային, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» եզրույթի հետ զուգահեռ շրջանառության մեջ մտցնելուն, ընդգծելով, որ դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:
«Այսինքն, այն, ինչ հստակ տարանջատված է ԵՄ-ի համար, որևէ ձևով ՀՀ իշխանության համար քննարկման առարկա չի դառնում, դեռ չեմ ասում ՔՊ-ական այն ներկայացուցիչների մասին, ովքեր Արցախի հարցը, այդ թվում` արցախցիների վերադարձի, համարում են փակված:
Հայաստանի իշխանությունը տարբեր առիթներով ապացուցել է, որ հայկական օրակարգ չի ներկայացնում և ընդամենը փորձում է տեղավորվել ադրբեջանական նախապայմանների շրջանակներում»,- հավելել է պատգամավորը: