06/08/2024 11:08
Կարող է լուրջ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա, չի փոխանցվում շփման միջոցով. օգոստոսը Պսորիազի իրազեկման ամիս է
Օգոստոսը Պսորիազի իրազեկման ամիս է:
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ի՞նչ է պսորիազը,որո՞նք են պատճառները, բուժման ի՞նչ մոտեցումներ են կիրառվում Հայաստանում:
Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է: Բնորոշվում է մաշկի բորբոքմամբ, որի հետևանքով առաջանում են մաշկի հաստ, կարմիր, թեփոտված հատվածներ:
Այն կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ գլխամաշկի, արմունկների, ծնկների և մեջքի վրա։
Պսորիազը համարվում է աուտոիմունային հիվանդություն, որտեղ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է առողջ մաշկի բջիջների վրա:
Հիվանդության հիմնական ախտանիշներն են՝
կարմիր, հաստացած մաշկի հատվածներ՝ արծաթափայլ թեփով պատված,
երբեմն քորի և ցավի առկայություն,
չոր, ճաքճքած մաշկ, որը կարող է արյունահոսել:
Պսորիազի բուժման նպատակն է նվազեցնել մաշկի բորբոքումը և հեռացնել թեփոտված շերտերը: Խորհուրդ է տրվում հետևյալ բուժման մեթոդները.
Տեղային բուժում: Քսուքներ և նրբաքսուքներ, որոնք պարունակում են գլյուկոկորտիկոստերոիդներ, վիտամին D-ի անալոգներ, ածխածնի խեժ, ռետինոիդներ և այլն:
Լուսաբուժություն: Ուլտրամանուշակագույն լույսի օգտագործում, որը կարող է դանդաղեցնել մաշկի բջիջների աճը: Համարվում է լավագույն մեթոդը միջին և ծանր պսորիազի դեպքում:
Համակարգային բուժում: ՀՀ-ում լայնորեն կիրառվում են մոնոկլոնալ հակամարմիններ՝ դեղամիջոցների խումբ, որոնք կիրառվում են պսորիազի ծանր ձևերի ժամանակ: Ունեն թիրախային ազդեցություն և բարձր արդյունավետություն։
Պսորիազը կարող է լուրջ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա, սակայն կան բազմաթիվ արդյունավետ բուժման մեթոդներ, որոնք կարող են օգնել պացիենտներին վերահսկել իրենց ախտանիշները և ապրել լիարժեք կյանքով:
Կարևոր է նաև չխաբվել տարաբնույթ կեղծ գովազդային արշավներին, որոնք խոստանում են մեկընդմիշտ ազատել խնդրից։