06/08/2024 20:34
«Ո՛չ Գերասիմ Վարդանյանը, ո՛չ մյուսներն ապօրինություն չեն արել»․ Փաստաբանն ընդգծում է՝ մարդկանց թիրախավորում են ընդդիմադիր հայացքների և քաղաքական ակտիվ գործունեության համար
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։
ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին, այժմ նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը։ Նրան ցանկանում էին կալանավորել դեռևս 2020 թվականին, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Գրեթե 4 տարի ընթացող դատական այսօրվա նիստին հարցաքննվում էր գործով անցնող վկան։
Վկային հարցեր ուղղելու հնարավորություն է տրվել ոչ միայն պաշտպաններին, այլև Գերասիմ Վարդանյանին։
Դատական նիստից հետո, լրագորղների հետ զրույցում, փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասել է՝ այսպիսի գործերի առկայությունը նպաստելու է, որ մարդկանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի։
«Գերասիմ Վարդանյանը նախկինում յոթ ամիս գտնվել է անազատության մեջ։ Այժմ նորից անազատության մեջ է։ Զարմանալին այն է, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված գործը դառնում է առիթ, որ մարդիկ հայտնվեն անազատության մեջ։ Երբ 50-ական թվականներին ստեղծվում էր «Ազատություն»-ը արդյոք գիտեի՞ն, որ շատ քաղբանտարկյալների համար կռիվ տված «Ազատություն»-ն ինքը կդառնա առիթ՝ մարդկանց անազատության մեջ հայտնվելու»,- ասել է փաստաբանը։
Սերգեյ Հարությունյանն ընդգծել է՝ այսօրվա դատական նիստին վկայի ասածներն էլ հաստատել են այն փաստը, որ ո՛չ Գերասիմ Վարդանյանը, ո՛չ գործով անցնող մյուս մեղադրյալները ապօրինի գործողություն չեն կատարել։ Նրանք պարզապես թիրախավորվել են։
«Ի՞նչն է հետաքրքիր, որ այս գործով անցնում են երեք մեղադրյալներ, որոնք բոլորն էլ ՀՅԴ-ական են։ Բագրատ Եսայանին թիրախավորել են, որպեսզի լրատվականը թիրախավորեն, Գերասիմ Վարդանյանի պարագայում պատճառը նրա ակտիվ քաղաքական գործունեությունն է»,- ասել է փաստաբանը՝ հավելելով՝ երեքն էլ պետք է արդարացվեն։