06/08/2024 17:51
Սպանության փորձ՝ Փոքր Վեդիում․ բժիշկներին հաջողվել է փրկել 32-ամյա երիտասարդի կյանքը
Քննչական կոմիտեից տեղեկացնում են․
«2024թ. օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32–ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32–ամյա տղամարդու ծանոթների միջև։ Այնուհետև, հիշյալ ծանոթներից մեկի կանչով, մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26-ամյա բնակիչը, ով տեղյակ լինելով, որ գնում է վիճաբանության վայր, իր մերձավորին նեղացնողներին զենքով պատժելու վճռականությամբ, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ ընդգծելու նպատակով, սկսել է վիճաբանել 32-ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։
Վիճաբանության ընթացքում 26-ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32-ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26-ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից: Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32–ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26–ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 3–րդ մասով, 44–155–րդ հոդվածի 1–ին մասով և 334–րդ հոդվածի 1–ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»։