06/08/2024 16:56
ՊԵԿ-ը բացահայտել է 3 կգ քաշով «կոկաին» մաքսանենգության դեպք (Տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։
Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։
Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։
Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, որտեղ մաքսանենգության դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և կայացվել ձերբակալության մասին որոշում։
Նախապատրաստված նյութերը և ձերբակալված անձը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշման հիման վրա քաղաքացի Մ․Հ․-ն կալանավորվել է։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետությունը տվյալ պարագայում հանդիսանում էր տարանցիկ երկիր և «կոկաին» տեսակի թմրամիջոցի իրացման վայրը հանդիսանում էր Թուրքիայի Հանրապետությունը։
Մասնակից անձանց շրջանակը պարզելու նպատակով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները, արդյունքների դեպքում հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։