06/08/2024 09:44
«Ժողովուրդ». Ավագանու ընդդիմադիր անդամները Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ կսկսեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»։