07/08/2024 18:13
Բագրատ Սրբազանի կողքին եմ ու շարունակելու եմ լինել․ Գևորգ Թամամյան
Դեռ այս տարվա մայիսին ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրեց, որ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, բժիշկ Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Ի պատասխան այդ որոշմանն՝ ինքը՝ Գևորգ Թամամյանը ևս ներկայացրեց ազատման դիմում։
Դեպքից անցել է գրեթե 3 ամիս, և ArmLur.am-ը զրուցել է ուռուցքաբան Գևորգ Թամամյանի հետ՝ տեղեկանալով, թե ինչ դիրքորոշում ունի սեպտեմբերից նոր թափով մեկնարկող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ։
Ուռուցքաբանը մեկ բան է ասել․
«Ես միանշանակ Սրբազանի կողքին եմ ու շարունակելու եմ լինել։ Ես հետ չեմ կանգնում նախկինում ասած իմ խոսքերից»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջին օրերից Թամամյանը եղել է պայքարին սատարողներից և պարբերաբար հայտարարություններ է արել, որ միանում է գործադուլին և դասադուլին։
«Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին` օգտագործելով իմ սահմանադրական իրավունքը։ Իմ պարտականությունները, պատշաճ կերպով, ժամանակավորապես կփոխանցվի համապատասխան անհատներին։ Անհրաժեշտության դեպքում, հասանելի եմ ցանկացած պացիենտի համար, գիշեր թե ցերեկ, ինչպես որ միշտ է եղել։
Սրբազանն իմ ճանաչած ազնվագույն եւ ամենապայծառ անհատներից է, Մարդ ումից լույս ու բարություն է ճառագում, եւ լույսը հաղթելու է խավարին։
Կոչեր չեմ անում, որովհետեւ ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը։
Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը գերագույն արժեք է, եւ ես համոզված եմ, որ Սրբազանի ղեկավարած շարժումը բերելու է մեր պետականությունը նոր վերելքի»,- գրել էր ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։