07/08/2024 21:14
Հայաստանի դատաիրավական համակարգը հարմարեցվում է մեկ մարդու քմահաճույքներին, Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը ևս չեն դադարում․ Բագրատ Միկոյան
«Մեր փաստաբանական խումբը տարածած դիրքորոշման մեջ մանրամասն, սպառիչ և մատչելի անդրադարձել է այդ ակնհայտ քաղաքական որոշմանը։ Փաստաբանների ասածներին ավելացնելու շատ բան չունեմ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Yerevan.Today-ի խնդրանքի՝ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հակասահմանադրական գործի վերաբերյալ ՍԴ՝ օրերս հրապարակված որոշումը։
«Պարզ է, որ Հայաստանի դատաիրավական համակարգը շարունակում է բռնության ենթարկվել ու եզակի բացառություններով՝ նորից հարմարեցվում է մեկ մարդու կապրիզներին։
Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը ևս չեն դադարում։
Այսպես, թե այնպես, գործը շարունակում է «ջուր» մնալ»,- հավելել է Բագրատ Միկոյանը:
Հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, ՍԴ-ն ճանաչել էր հակասահմնադրական։ Վճռաբեկ դատարանը 2024թ․ տարեսկզբին դիմել էր Սահմանադրական դատարան` հակասահմանադրական ճանաչված 309.1 հոդվածի 3-րդ մասի և մի քանի այլ հոդվածների սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ներկայացված հակասահմանադրական մեղադրանքը վերաորակավորվի։ ՍԴ-ն էլ հուլիսի 22-ի նիստում որոշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ ՍԴ որոշման կայացման ժամանակ մի շարք խախտումների մասով։
Փաստաբանների դիրքորոշումը՝ այստեղ