07/08/2024 19:32
Հնդկաստանի և Բանգլադեշի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է
Հնդկաստանի և Բանգլադեշի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է՝ Բանգլադեշում քաղաքական ճգնաժամի ֆոնին, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների միության նախագահ Աշվանի Կումարը։
«Առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է օգոստոսի 5-ից, բայց Բանգլադեշի մեր գործընկերները կանխատեսում են, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը կկարգավորվի, և դա հուսադրող է»,- ասել է նա։
Կումարը հայտնել է նաև, որ Հնդկաստանից արտահանումը Բանգլադեշ 2023-24 թվականներին կազմել է 11 միլիարդ դոլար, արտահանվող ապրանքներից են բամբակը, նավթամթերքը, մեքենաներն ու դրանց մասերը, գործվածքներ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն, թեյ, սուրճ, համեմունքներ և այլն։ Իսկ Բանգլադեշից Հնդկաստան է արտահանվում հագուստ, տրիկոտաժ, կաշվե իրեր, կենդանիների կեր, ձուկ։
Հիշեցնենք՝ Բանգլադեշում բողոքի ցույցերից ու բախումներից հետո երկրի վարչապետը հրաժարական էր տվել։ Նա հեռացել էր Բանգլադեշից։ Երկրում ժամանակավոր կառավարություն է ձևավորվել։