07/08/2024 17:59
Ի՞նչ են հայտարարագրել Ժաննա Անդրեասյանն ու նրա ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը
«Թավշյա» իշխանության ամենավառ ներկայացուցիչներից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու այս իշխանության խոսափողը դարձած Հանրային Հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, պարզվում է, ամենևին էլ իզուր չէ, որ մաս են կազմում, սատարում են այս իշխանությանը, քանի որ նրանց սոցիալական վիճակը նկատելիորեն բարելավվել է հենց այս իշխանության օրերին․ համենայն դեպս, հայտարարագրերն են այդ մասին տեղեկացնում, գրում է 168․am-ը։
Անդրեասյան-Ղազարյան զույգի կողմից 2024 թվականին ներկայացված՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ թեև Ժաննա Անդրեասյանը համատեղ սեփականության իրավունքով տնօրինում է Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում 2011 թվականին գնված ընդամենը 1 բնակարան, սակայն ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, իր հայտարարագրում միանգամից նշել է 2 անշարժ գույքի մասին։ Դրանք բնակարաններ են, որոնք նա գնել է 2022 թվականի մարտին՝ Երևանի Աջափնյակ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում և դարձյալ հանդիսանում են համատեղ սեփականություն։
Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է նաև 2022 թվականին գնված և հենց 2022 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենա։
Նախարարի՝ հանձնված և վերադարձված փոխառությունների մասին հանրայնացրած տեղեկություններից էլ պարզ է դառնում, որ տարեվերջին առկա փոխառության գումարը կազմել է 6 455 186 դրամ․ պարտապանը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն է։
Դրամական միջոցների մասին․ Ժաննա Անդրեասյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբում եղել են 5,370,523 դրամ, իսկ տարեվերջին՝ 3,799,313 դրամ, հաշվետու տարվա՝ 19 միլիոն 722 667 դրամ եկամուտները գոյացել են ԿԳՄՍ նախարարությունից ստացած աշխատավարձից։
Հանձնված և վերադարձված փոխառություններ․ Պետրոս Ղազարյանը հայտարարագրում նշել է տվյալ տարվա վերջում առկա փոխառության՝ 68,906,805 դրամ գումարի մասին, պարտապանները հետևյալ բանկերն են՝ Արդշինբանկ ՓԲԸ, Հայէկոնոմբանկ ԲԲԸ, Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ։
2023 թվականի տարեսկզբին հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը նշել է 106,564 դրամ բանկային հաշիվների մնացորդի մասին, որը տարեվերջին զրոյացել է։
Նախարարի ամուսնու հաշվետու տարվա 32 միլիոն 935.732 դրամ եկամուտն էլ գոյացել է Հանրային Հեռուստաընկերությունից ստացված աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 17,941,132 դրամի չափով և դարձյալ նույն հեռուստաընկերությունից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից՝ 14,994,600 չափով։