07/08/2024 20:35
«Պաշտոնյայի էթիկան դա՞ է»․ Բագրատ Սրբազանը՝ հարսանիքի ժամանակ թրի վրա 20 000 դրամանոցներ շարող Վահե Ղազարյանին
Կառավարություն կոչվածն անհաղորդ է երկրի խնդիրներին՝ հանցավորության աճը, մարդկանց սոցիալական վիճակը, այլ բազմաթիվ խնդիրներ նրանց չեն հետաքրքրում, ընդգծեց Բագրատ Սրբազանը՝ Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց պարտադրանքով բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- ասաց Սրբազանը։
Նա առանձին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասնակցությամբ տեսարանին՝ հարսանիքի ժամանակ։ Չարենցավանում երեկ տեղի է ունեցել հարսանիք, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է եղել։
«Այսօր էլ համացանցում տեսա, ճանապարհին ինձ ցույց տվին՝ ինչպես է Ներքին գործերի նախարարը՝ լայն, թիկնեղ, «նիհար» տղան իր ամբողջ «հմայքով» կանգնած այն «աթլետիկ կազմվածքով» մարդու կողքին (Նիկոլ Փաշինյանի-խմբ․), գրպանից գումարները հանում, դնում է թրի վրա․․․ ավանդույթ կա չէ՞, որ երեխաները դուռը փակում են՝ հարսին դուրս հանելիս։ Մարդը գումարներ է դնում։ Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է։ Չեմ ասում՝ էդ փողերը քեզ որտեղից։ Բայց էթիկան դա՞ է պաշտոնյայի՝ գրպանից գումարներ հանել, դնել ինչ-որ թրերի վրա՞։ Սա նկարագիր է։ Բարոյական այն չեղած ցուցիչն է, որը սրանց միջոցով արտաահայտված է»,- ասաց Բագրատ Սրբազանը։