07/08/2024 10:46
«Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբեր
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում բացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացրած ծրագրին մասնակցել են 10-14 տարեկան երեխաներ: Նրանք գույների միջոցով պատկերել են աշխարհի երեխաների հավասար իրավունքները:
Բացօթյա ցուցահանդեսն ուղեկցվել է համերգային ծրագրով: Հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, «DO RE MEET» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության կրթաթոշակակիրներ Պավել Հայրիյանը և Թերեզա Մարկոսյանը։
Հնչել են արիաներ հայտնի օպերաներից, էստրադային և ազգային երգեր։ Միջոցառման ընթացքում հնչել է նաև Խաչատուր Աբովյանի ջութակը՝ ջութակահար Գարեգին Գրիգորյանի կատարմամբ:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 5-ը: