08/08/2024 13:02
Անձն ունեցել է վնասվածքներ. պետք է ընթանա պատշաճ քննություն, մեղավորներն էլ պատասխանատվության ենթարկվեն. ՄԻՊ-ը` պարեկների կողմից արցախցի երիտասարդին ծեծելու մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գնահատական չի տա պարեկների կողմից արցախցի Արամ Երիցյանին ծեծի ենթարկելուն:
«Պետք է փորձենք իրավական գործիքակազմերի միջոցով հարցի վերաբերյալ եզրահանգումներ անել: Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր` դրանք ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն իրականացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մանասյանի խոսքով` չափազանց կարևոր է ունենալ քրեական պատասխանատվության մեխանիզմների գործադրում այն դեպքում, երբ հանցակազմ կա:
«Այստեղ ես վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, որովհետև ես չեմ հասցեատերը»,- ասաց ՄԻՊ-ը:
Մանասյանը հիմնական պահանջ է ներկայացրել, որ պատշաճ քննություն իրականացվի, որովհետև անձը, փաստացի, ունեցել է վնասվածքներ:
«Պետք է ընթանա պատշաճ քննություն, որի արդյունքում մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ, դաժանաբար ծեծելով, տարել են ոստիկանական բաժանմունք։
ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Դատարանը մերժել էր Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, ձերբակալումն էլ ճանաչել ոչ իրավաչափ։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Երիցյանին կրկին ձերբակալել են: Դատարան կրկին միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու համար, սակայն միջնորդությունը մերժվել էր: