09/08/2024 21:06
Խորհուրդ է տրվում կյանքի առաջին 6 ամիսներին մանկանը բացառապես կրծքով կերակրել․ Մանկաբույժ Սուսաննա Հարությունյան
Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը: Մոր օրգանիզմը սկսում է արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից` ապահովելով կյանքի «լավագույն սկիզբը»:
Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Սուսաննա Հարությունյանը նշում է, որ կրծքով սնուցումը խորհուրդ է տրվում սկսել հետծննդյան առաջին ժամվա ընթացքում. երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը պետք է գրկի նրան` ապահովելով մաշկը մաշկին շփումը և նորածնի առաջին կերակրումը։
Մանկաբույժի խոսքով, երեխայի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում խորհուրդ է տրվում մանկանը բացառապես կրծքով կերակրել։ Այդ ժանանակահատվածում կրծքի կաթն այն ամենն է, ինչի կարիքն ունի երեխան, պետք չէ նրան լրացուցիչ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ տալ՝ նույնիսկ շոգ եղանակին:
Կրծքով սնուցումն ունի բազմաթիվ առավելություններ և՛ երեխայի, և՛ մոր համար: Կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից և նվազեցնում է մանկական հանկարծամահությունը:
Կրծքով սնվող երեխաները, արհեստական սնունդ ստացողների համեմատ, ավելի քիչ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով:
Բժիշկը նաև կարևոր է համարում այն հանգամանքը, որ կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, նվազեցնում է գիրության, շաքարային դիաբետի (տիպ 1 և տիպ 2), քաղցկեղի և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Սուսաննա Հարությունյանի հավաստմամբ` կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ:
Կրծքով կերակրելն օգնում է մորն արագ վերականգնել նախկին մարմնակազմությունը: Բացի դա, հաճախակի կերակրումները պաշտպանում են նրան նոր հղիությունից:
Վեց ամսականից հետո միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրան հավելյալ սնունդ տալ՝ միաժամանակ շարունակելով կրծքով սնուցումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ