09/08/2024 12:08
ՊԵԿ-ը հայտնաբերել է օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացված ապրանքներ (Տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:
Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։
Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։
Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։
Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: