09/08/2024 13:08
Ռուսաստանը պատերազմ է բերել ուկրաինական հող և պետք է զգա, թե ինչ է արել․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում ուղղակիորեն չի մեկնաբանել Կուրսկի շրջանում զարգացումները: Նա հայտարարել է․ «Ռուսաստանը պատերազմ է բերել ուկրաինական հող և պետք է զգա, թե ինչ է արել»։
Զելենսկին նաև առանց մանրամասնելու նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց երեք «արդյունավետ» զեկույց է լսել։
«Ուկրաինացիները գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Մենք չենք ընտրել այս պատերազմը: Մենք արդար խաղաղություն ենք ցանկանում», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը, անդրադառնալով Կուրսկի շրջանում իրավիճակին, հայտարարել էր՝ գիտակցումը, որ պատերազմը տարածվում է դեպի Ռուսաստանի տարածք, կարող է ազդել այդ երկրի ժողովրդի հոգեբանության վրա: Միխայլո Պոդոլյակը նաև համոզմունք էր հայտնել, որ հնարավոր բանակցություններում առավելություն ստանալու համար հարկավոր է ցույց տալ Մոսկվային, որ պատերազմը նրանց սցենարով չի ընթանում: