09/08/2024 10:58
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:
Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
«Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ Փարիզ-2024-ի մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 5:3 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ:
Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ հիասթափված է մրցավարական անարդարությունից:
«Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի»,- ասել է նա: