09/08/2024 11:46
Կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել. Մալխաս Ամոյան
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը վստահեցնում է` ամեն ինչ կանի, որ 2028 թվականի Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ նվաճի:
«Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել միայն ոսկե մեդալ նվաճելու, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել ոսկե մեդալով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը:
Ամոյանը նշել է, որ Օլիմպիական խաղերն իր պատկերացրածի պես չէին:
«Մտածում էի, որ լարվածությունն առավել մեծ կլինի, սակայն ամեն ինչ նորմալ էր, փորձում էի թեթև տանել, կարծես, սպորտային ինչ-որ մի տոնի մասնակցեի»,-ասել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը:
Ամոյանը նշել է` սպորտային կյանքը կարճ է, այս պահերը չեն կարող ջնջվել հիշողությունից: