10/08/2024 19:15
«Ես հավերժ չեմ, հաշտվեք այդ մտքի հետ»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Շկլովսկի շրջան կատարած այցի ժամանակ բնակիչներին հորդորել է հաշտվել այն մտքի հետ, որ երկիրը շուտով կարող է այլ նախագահ ունենալ։
«Ես արդեն սկսում եմ բոլորին հրապարակայնորեն ասել՝ դուք պետք է հաշտվեք այն մտքի հետ (մի քիչ երես եմ տվել ձեզ), որ ուրիշ նախագահ կարող է լինել»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «СБ-Беларусь Сегодня»-ն։
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն տեղի բնակիչներին վստահեցրել է, որ չի պատրաստվում լքել նրանց ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը։
«Բայց կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել: Պետք է հաշտվեք՝ ես հավերժ չեմ, ինչպես և դուք բոլորդ»,- ասել է նա։
Լուկաշենկոն նշել է նաև, որ հեռանալուց առաջ պետք է հաստատ համոզված լինի՝ բելառուսներին խաղաղ երկիր է թողնում։
«Կհեռանամ, գյուղում մի տեղ կապրեմ՝ ձեր կողքին, կայցելեմ ձեզ, ու դուք կհիշեք ու շնորհակալություն կհայտնեք, որ երկիրը դեպի վատը չի գնացել»,- ասել է նա։
Նշենք, որ նախագահական ընտրությունները Բելառուսում կայանալու են 2025 թվականին։