12/08/2024 09:58
Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է․ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
«Հարգելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։
Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ:
Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է:
Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: Վստահ եմ` երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում պետք է խթանվի էլ ավելի մեծ եռանդով:
Երիտասարդներին առնչվող հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Այդ առումով խիստ կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։
Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մշտապես կատարելագործվեք որպես անհատ, քաղաքացի և մասնագետ»։