13/08/2024 18:51
Թունավորումների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ․ Բժշկի խորհուրդները
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ռեանիմատոլոգ Ռուբեն Արաբյանն անդրադարձել է իր պրակտիկայից այնպիսի դեպքերի, որոնց միջոցով, հերթական անգամ, երեխաների ծնողներին կամ խնամողներին զգուշության և զգոնության կոչ է անում:
Բժշկի խոսքով, պատահարների շուրջ 70 տոկոսը անփութության և անզգուշության հետևանք է. հիմնական թունավորումները երեխաների մոտ լինում են դեղերից և կենցաղային նյութերից:
Ծնողները հիմնականում չեն գիտակցում, որ մեծանալով՝ երեխան կարող է աթոռը դնել, բարձրանալ և դարակից հանել որևէ սրվակ: Դեղն անհասանելի տեղում պահելը ապահովության հարց է, որի մասին բոլորս պետք է մտածենք:
Կենցաղային թունավորումները հաճախակի ժավելի հետևանքով են լինում, քանի որ նյութը հասանելի տեղերում է դրված լինում:
Ժավելը հրապուրիչ, թափանցիկ դեղին գույնի շշերի մեջ է լինում, և երեխաներն այն ասոցացնում են գազավորված ըմպելիքի հետ, չիմանալով դրա բաղադրությունը՝ խմում են:
Համալսարանական մասնագետը նկատում է, որ նախկինում ժավելը վաճառվում էր մուգ գույնի մեծ տարաներով, որը չէր գրավի երեխայի ուշադրությունը:
Գրավիչ շշերով ժավելի վաճառքը, նրա գնահատմամբ, պետք է վերանայվի կամ արգելվի: Քիչ չեն նաև մարգանցովկայի` կալիումի պերմանգանատի մուգ մանուշակագույն բյուրեղներով թունավորման դեպքերը: Մարգանցովկայի սրվակը շատ նման է Վիտամին Դ-ի սրվակին, և այս նմանությունն է ծնողի մոտ շփոթմունքի և սխալվելու պատճառ դառնում:
Կարևոր է, որ ծնողը հասկանա, որ ամենակարևոր բանը բժշկության մեջ չվնասելու սկզբունքն է, մինչդեռ խուճապի մեջ, օգնելու փոխարեն, երբեմն կրկնակի վնաս է հասցվում երեխայի առողջությանը:
«Պատահում է, որ ժավելից թունավորման հետևանքով երեխային սոդայաջուր են տալիս խմելու կամ փորձում են ժավելից փսխման ձևով ազատվելու համար մատը մտցնել կոկորդը: Պետք է հիշել, որ կերակրափողը, այսպես ասած, անպաշտպան է, և թունավարման պատճառ հանդիսացող նյութը կրկին անցնում է կերակրափողով և կրկին վնասում այն»,- մանրամասնում է Ռուբեն Արաբյանը:
Կան թունավորումներ, որոնց հաջորդում է երկարատև բուժման ընթացք, ընկնում է երեխայի կյանքի որակը:
Ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքից փոքրիկը թունավորվել է երկրորդ անգամ, սա ևս ահազանգ է:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի թիմի՝ հանրությանն ուղղված գլխավոր հորդորն է՝ թունավորումների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ անհապաղ դիմել բժշկական օգնության:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն