13/08/2024 16:54
Ընթանում է տեսակի կռիվ․ պայքարող մարդիկ այս իշխանության թիրախում են․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու հարցով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդգծեց՝ պայքարող մարդիկ շարունակում են մնալ այս իշխանության թիրախում։
«Հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են, հետապնդվում են, վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։ Եվ առհասարակ, այսօր Հայաստանում պայքարող մարդիկ այս իշխանության թիրախում են՝ մի պարզ պատճառով․ քանի դեռ այդ մարդիկ կան, այդ քաղաքական ուժերը կան, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջական ավարտին հասցնել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ընթանում է նաև տեսակի կռիվ, խորքային գաղափարական պայքար, որի ընթացքում իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի։
«Պատրաստ է ցանկացած սրիկայության՝ ինչպես Գերասիմ Վարդանյանի և այլ պարագաներում է․ սարքել մարդկանց գլխին՝ կեղծ ձայնագրություններից մինչև շինծու քրեական գործեր։ Նպատակն է՝ մեկուսացնել մարդկանց, ճնշում բանեցնել, որ փորձեն անարգել իրենց ծրագիրն իրականացնել, բայց կարծում եմ՝ այսքանից հետո պետք է պարզ լիներ՝ այս մեթոդներով որևէ ՀՅԴ-ականի լռեցնել չեն կարողացել, չեն էլ կարողանալու»,- ասաց Սաղաթելյանը։