13/08/2024 15:50
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է՝ Սահակաշվիլին 2008 թվականին պետական դավաճանություն է իրականացրել
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կատարելով արտաքին ուժերի հրահանգները, 2008 թվականի օգոստոսին դիմել է արկածախնդրության, ինչը հանգեցրել է պատերազմի, հայտարարել է Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը։
«Վրացական հասարակության մեծ մասը հիմնավոր կասկածներ ունի Սահակաշվիլիի ադեկվատության առնչությամբ, սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության հետևանքն էին, այլ պայմանավորված էին դրսից եկած հրահանգներով և հանդիսանում են ծրագրված դավաճանություն»,- նշված է հայտարարությունում։
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է իրավական գործընթաց սկսել և հրապարակային դատավարություն անցկացնել, որպեսզի Վրաստանի հասարակությունը համոզվի՝ «ով է դավաճանական բնույթի հանցագործություն իրականացրել պետության ու ժողովրդի դեմ»։
Ավելի վաղ էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ 2008 թվականի պատերազմի հանգամանքները պարզելու համար իշխանությունները կդիմեն դատախազություն, Սահմանադրական դատարան ու կստեղծեն խորհրդարանական հանձնաժողով։