13/08/2024 09:43
«Հրապարակ». Բագրատ սրբազանի երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը ամառային արձակուրդներն է վայելում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանում բակային հանդիպումներ է անցկացնում, որոնք, մեր տեղեկություններով, ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ։ Հանդիպումից ժամեր առաջ ՆԳՆ աշխատակիցները դեսանտ են իջնում տվյալ տարածք, իսկ հավաքի ողջ ընթացքում այդ զորքին վերահսկում և կառավարում է կարմիրբերետավորների պետ հայտնի Հայկազ Ջոմարդյանը։ «Դեպքի վայրում» նաև օպերատիվ համարներով մեքենաներ են շրջում, որոնց միջից հեռախոսներով տեսանկարահանում են ցույցի մասնակիցներին։
Մեզ պատմեցին, որ Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում,որտեղից սրբազանը մեկնարկել է բակային հանդիպումները, հանդիպման սկզբից մինչև վերջ Ջոմադյանը թաղամասի սրճարանից քաղաքացիական հագուստով անձամբ հսկել է հավաքը,նա այնտեղից հեռացել է կեսգիշերին մոտ՝ սրբազանից հետո, իսկ վերջինս հանդիպումից հետո երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել: Ի դեպ, մի ուշագրավ պատմություն էլ իմացանք Ավանի հանդիպումից, նախանշված հանդիպումից երեք օր առաջ, այցելելով Ծարավ աղբյուրի հայտնի սրճարանը, Բագրատ սրբազանը պատից պոկել է Ջոմարդյանի լուսանկարը:
Պարզվում է, վերջինս այդ սրճարանի հավատարիմ այցելուներից է, ինչի շնորհիվ էլ լուսանկարը փակցրած են եղել պատին»։